Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հայոց լեզու

Հայոց լեզու
20.12.2023 | 10:37

Լիբանանի մեղեսիկի երանգներով բլուրներուն դիմաց ի՜նչ հոգեխռով հուզումով կներկայանաս ինծի, Հայո՛ց Լեզու: Աչքերս կլեցվին դարերու հեքիաթախառն քու պատմությունով և ականջներուս կթրթռա հնչյուններուդ մեղեդին մեսրոպական: Ոչ մեկ լեզու այնքան կատարյալ է, որքան դու՛ն ես, Հայոց Լեզու: Մայրական սիրո քնքշությամբ հարկ է արտասանել քու բառերդ, կարենալ անկեղծ վայելելու համար անոնց համբուրելի գեղեցկությունը:

Այս պահուս մեր նվիրյալներուն պաշտամունքի հուրը կբարձրանա ուղիղ, Լիբանանի բլուրներն ի վեր, ու ես երազանքե երազանք, հեթանոս ու քրիստոնյա հավատքով կմասնակցիմ այդ ընծայման, իմ նախնիքներուս հիշատակովն հորդուն:

Ի՜նչպես կարելի է մոռանա՜լ քեզ, ուրանա՜լ քեզ, փոխարինե՜լ քեզ, ո՛վ դուն, անբիծ սիրո ու սրբազան պատերազմներու լեզու: Քու բառերդ հավերժացուցին Գողթան երգերն ու Կոմիտասյան խմբերգներն ժողովուրդիս. Քու բառերովդ էր, որ մարգարտահորդ հարսանիքները մեր արքաներուն զարմացուցին հզորագույն ազգերն իսկ. քու բառերովդ վարդարան կազմեցին մեր անզուգական շարականներեն. Քու բեռերուդ մռայլ ազնվականությամբ մեր պատարագներն ու մահաղոթքները բարձրացան առ Աստված: Մեր հերոսական մաքառումներուն վկան եղար դուն: Մեր մագաղաթյա հուշագրերուն ներշնչումը եղար դուն: Մահվան մեջեն միշտ նոր կյանքի մը շքեղության փյունիկյան թևերը եղար դուն:

Ո՜վ կրնա մոռանալ քեզ, երբ երիտասարդ մոր մը վարդագեղ շրթներեն կլսե առաջին հնչյունը քու վանկերուդ: դարերեն եկող Հայ անուն մը, որ կյանքեն մինչև մահ Հայ մը պիտի անձնավորե, ո՜վ կրնա ուրանալ երբեք առանց դավաճանելու արգանդին, որ ինը ամիսների հղացումով Կյանք տվավ իրեն:

Երբ փոքրիկ ականջները սրբատուփ եղած են քու բառերուդ, քեզմով կերտված Հայ անունի մը, ի՜նչպես կարելի է հետագային անտեսել հիշատակներով օծուն այդ ավանդը, օտար ազգերու և օտար անուններու անմարդկային գերությամբ:

Ի՜, ինչպես կարելի է մանրիկ քայլերու հետքերը ջնջել, Հայոց լեզու, այն ճամփաներեն, որոնք քեզմով հավերժացած եկեղեցիներու և դպրատուներու կտանեին մոր կաթեն հազիվ կտրված մանկիկները Հայ, մարդկության մեջ մարդ և ազգերու մեջ ազգ պահելու համար զանոնք:

Մի՞ թե տարիները կրնան դառնացնել համը Հայ մոր կաթին և այնքան մթագնել իմացականությունը, որ երիտասարդը այլևս չուզե լսել քեզ, Հա՛յ լեզու, իր առագաստին տանելու համար իր ավանդություններուն, իր բարքերուն անծանոթ աղջիկ մը:

Հռովմ Վեստյան կույսերուն կհանձներ սրբազան ատրուշաններու հուրը: Որո՞ւ պիտի վստահինք պաշտպանությունը Հայ օջախին, եթե Հայ աղջկան նախանձախառն սիրույն վկայությունը չտեսնենք ալ հայ անուններու ազնվազարմ ընտրության և Հայ Լեզվի քաղցրահնչյուն բարբառումին մեջ:

Հերիք որքան օտարը օգտագործեց մեզ, Հայո՛ց լեզու, փոխելով մեր անունները, մեր հրաշագեղ լեզվին տեղ պարտադրելով ի՛րը, մեր մաքրամաքուր բարքերը փոխարինելով Հայ հոգիին անհաղորդ իր նորություններով: Ի՜նչ հսկա բանակ մը պիտի կազմեին անոնք, որոնց ցեղային բնատուր շնորհները սպաս դրվեցան օտարին պանծացման: Ի՞նչ ողորմելի կոչում է սա ծնունդով հայ մակդիրը, որ հափշտակիչները տվին մեր տաղանդալի տղոց:

Ինչո՞ւ մե՛րը չըլլա փառքը, երբ մե՛րն է ծնունդը:

Չէ՞ որ քեզ կորսնցնելով կկորսնցնենք Հայ անունը և Հայուն փառքը:

Հայոց Լեզու, քու հավերժական կյանքովդ է, որ միայն կարելի է շքեղ քաղաքներեն , շռայլ խոստումներեն և ուրացումեն ու ուծացումեն ազատագրել մոլորյալները: Վերածնված հայրենիքներու կողքին, նոր կյանք առած մեր Հայրենիքը իր ամեն մեկ զավակին պահանջքը ունի:

Դո՛ւն, միայն դո՛ւն կրնաա քու` դարերու դիմադրող` զորությամբ ետ խլել բոլոր անոնք, որ հեռացան և ուրացան:

Հայ անունով սկսող ամեն նոր կյանք մինչև ուր կրնաս տանիլ, դուն, եթե մանանեխի հատիկի մը չափ հավատք կաթի մոր կաթին հետ ամեն մեկ հայ մանկիկի հոգիին մեջ: Գիտության ո՜ր բարձունքներուն, արվեստներու ո՜ր հովիտներուն և արհեստներու ո՜ր արահետներուն:

Միայն թե դո՜ւն, Հայո՛ց Լեզու, քու անջնջելի կնիքդ դնես ամեն մեկ նոր կյանքի վրա:

Ա՛յն կնիքդ, որ հեթանոս Վահագնեն մինչև քրիստոնյա պանդուխտը անխախտ պահեց Հայուն Կանթեղը Արարատեն Արագած և Վենետիկյան ափերեն մինչև Ատլանտյան:

Քու հմայքիդ մեջն է ու քու տիրապետության տակն է, մանկութենեն մինչև ծերություն, կենսուրախ հավատքը, թե քեզմո՛վ միայն կրնա Հայը հասնիլ հավերժության:

Եվ ահա, երազանքե երազանք, հեթանոս ու քրիստոնյա հավատքով կմասնակցիմ քու ընծայումիդ սա օտար երկինքին տակ, զի հոգիս հորդուն է հիշատակովը սրբազնագույն Մոր մը, որ իր կաթին հետ կյանքս բեղուն ըրավ` արհամարհել տալով ինծի բոլոր դափնեպսակները օտար:

Վաղը, երբ Հայ անունով շիրիմի մը տակ հանգչի մարմինս, հոգիս պիտի երթա հպարտությամբ գտնելու բոլոր անոնք, Հայո՛ց լեզու, որ զիս ալ Քեզմով անմահացուցին:

Սեզա

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 2911

Մեկնաբանություններ